Publications
20.08.2025
Repat Story
Գուցե Հայաստանը փակ աչքերո՞վ է պետք սիրել...
-webp(85)-o(png).webp?token=9db464d134c05337077eb3ea10b98738)
Իմ մասին
Վերջին երկու տարվա ընթացքում զրուցել եմ տասնյակ հայրենադարձների հետ, ուղղել նրանց բազմաթիվ, երբեմն ինձ համար էլ անակնկալ հարցեր: Բոլոր զրույցների ընթացքում այդ հարցերը լուռ տվել եմ նաև ինքս ինձ, իմ հերոսներին ճանաչելուն զուգահեռ նորովի եմ բացահայտել ինձ. ո՞վ եմ ես, որտե՞ղ է իմ տունը, հնարավո՞ր է արդյոք երջանիկ լինել հայրենիքից դուրս, ապրել սեփական երջանկությա՞ն համար, թե հայրենիքի բարօրության:
Ժամանակն է երևի գրի առնել այս հարցերի պատասխաններն ու պատմել Նարէի մասին, ով շուրջ երկու տարի ներկայացնում է ձեզ հայրենադարձների կամ, ինչպես մեզանում ընդունված է ասել, րիփաթների պատմությունները:
Ողջույն։ Ես Նարէն եմ, Repat Armeniaյի քոնթենթ ռայթերը կամ, ինչպես վերջերս հուշեց իմ գործընկեր Թիան, սթորիթելլերը։ Ես էլ, ինչպես շատերը, վստահ եմ եղել, որ լիարժեք երջանիկ հայը կարող է լինել միայն իր հայրենիքում։ Նկատեցի՞ք, որ վստահ լինելու մասին միտքս արտահայտեցի անցյալ ժամանակով։ Հավանաբար հիմա այդպես չեմ կարծում։
Փոքրիկ աղջնակ էի, երբ հողն արմատներով պինդ գրկածիս «պոկեցին» բնօրրանից, տեղափոխեցին օտար մի տարածք և ասացին՝ «Աճի՛ր»։ Ճյուղերս, իհարկե, աճեցին, բարձրացան, դրանց վրայից պտուղներ էլ քաղեցի։ Բայց արմատներս այդպես էլ չկպան, չամրացան օտար հողին՝ ժամանակ առ ժամանակ ճոճելով իմ հոգեկան աշխարհը։
Ռետրոսպեկտիվա
Օգոստոսի վերջն էր. մի քանի օրից պիտի դուրս գայինք Հայաստանից, Հայրենիք գնացինք՝ Նոյեմբերյան, հորական տատիկիս հրաժեշտ տալու։ Գյուղական տան մուտքի սենյակում երկար տարիներ անկողնուն գամված Շուշիկ բաբոյին այդ օրը վերջին անգամ տեսանք…
Հետո Մայրենիք մեկնեցինք՝ Լոռի՝ մորական Լարիսա տատիկին տեսնելու։ Աղերսում էի ծնողներիս ինձ գյուղում թողնել, կապվածությունս Համզաչիմանի (Մարգահովիտի) հետ այլ էր։ Տարիներ անց էլ վստահ եմ, որ սիրո լավագույն դասերի մի մասը հենց այդ տանն եմ ստացել՝ պապիկիս՝ իր հիվանդների հանդեպ ունեցած հոգատարության, տատիկիս՝ հայոց լեզվի, իր զավակների, աշակերտների ու գործի հանդեպ ունեցած նվիրվածության շնորհիվ։

Տատիկի տան բակից մի քանի բուռ հող ու մի բույս վերցրի. որոշել էի ցույց տալ, որ ամեն ծաղիկ իր բնօրանն է ուզում: Չաճեց. թոշնեց ծաղիկն օտար երկրում (պատահական չէ երևի, որ կարոտներն օդ ու ջրով են չափվում)։ Տարիներ հետո ես էլ նմանվեցի նրան. ապրելը կարծես հետաձգվել էր մինչ Հայաստան վերադառնալը։
Ամենուր Հայաստան փնտրողս հայտարարեց մի օր՝ հայրենիք վերադառնալ է ուզում։ Նահանջեցին մայրիկի արցունքները, հայրիկի ընդդիմությունը, փոքր եղբայրս քրոջս թաքուն շշնջաց. «Նարէն իր երազանքների ետևից գնաց»…
Երազանքների ետևից
Հայաստանը մանկության հուշերից բնականաբար չկար։ Հասկացա դա տեղափոխվելուց մի քանի ամիս անց։ Իմ ներսում ապրող փոքրիկին (որը մեծացավ Հայաստանում) պետք էր շտապ տեղափոխել մերօրյա իրականություն։ Իրականությունն անակնկալ էր. մեծ մարտահրավեր, բացարձակ նոր կյանք, որին եթե ոչ հարմարվել, ապա որի հետ մի քիչ յոլա գնալ էր պետք։
Այլ մշակույթում մեծացած լինելս չհասկացված լինելու պատճառ հաճախ էր դառնում, տեղափոխվելուս նախնական փուլում դրանց միշտ շատ զգայական գնահատական էի տալիս։ Օտար երկրում օտար լինելն ու զգալը բնական էի համարում, հայրենիքում ունեցած նույն զգացողությունը դառնահամ էր: էմոցիոնալ ճոճերից խուսափելու համար շրջապատեցի ինձ համախոհներով ու գցեցի ինձ սարեր, ձորեր…

Կոտրված կամ ճաք տված հույսերն օգնում էր սոսնձել նաև Տատիկը, համարյա մեկ դար ապրածի զանգակատնից էին հնչում (և շարունակում են հնչել) նրա պատգամները: Դրանց՝ չօգնելու դեպքում էլ ճակատիս ու աչքերիս նվիրած համբույրները, մեկ ափսե տաք կերակուրը, ամռան շոգին վրաս գցած ծածկոցը դարման էին դառնում բոլոր մեծ ու փոքր վերքերիս: Հայաստանից դուրս ապրելու ընթացքում էլ նրա միջոցով էր հայրենիքի հետ կապս. թղթային նամակներ էինք գրում իրար, ես՝ զգուշությամբ, քերականական սխալ չանեմ հանկարծ, կասկածելու դեպքում էլ բացատրություն էի խնդրում հաջորդ նամակում:

Տարիներ տևած այս նամակագրությունն էր, որ օգնեց չկորցնել ներքին կապն իմ լեզվի հետ: Ամենամեծ վախս օտար լեզվով մտածելն էր…
Առաքելության փնտրտուքների ճանապարհին
Երազանքների ճանապարհը վերածվեց ինքնաճանաչման և ինքնաբացահայտման երկարամյա ճամփորդության։ Հասանելի բոլոր ռեսուրսներս ուղղեցի դրան:

Ինքնաճանաչումն էլ շատ սահուն վերածվեց հայրենաճանաչության. առիթը բաց չէի թողնում մարզերում, գյուղերում լինելու, ինձ համար նոր բնակավայրեր, միաժամանակ՝ նաև մարդկանց բացահայտելու։ Մարդկանց՝ մարդու, նրա հետ զրույցի, մշակույթի հետ շփման կարոտը, բարեկեցիկ կյանք ունենալու համար բազմաթիվ պայմանների բացակայությունն «օգնեցին» ինձ իմաստ հաղորդել Հայաստան տեղափոխվելուս։ Մշակույթի դաշտում աշխատանքի փորձառությունս տեղափոխեցի Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի համայնքներ։ Պիտանելիության զգացողության սով էի ապրում մոտ երեք տարի, փոքր համայնքներում աշխատելու հնարավորությունները հագեցրին այդ քաղցը, ուժեղացրին ինձ, անկախ բոլոր էմոցիոնալ և ֆիզիկական բարդություններից, լավագույն տարիները հենց մարզերում անցկացրի. աշխատեցի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ Գեղարքունիքում, մշակութային ծրագրերում՝ Սյունիքում, Շիրակում, Վայոց ձորում:

Խաչիկում աշխատանքս ավարտելուց հետո գյուղ հերթական այցի էի գնացել։ Հուլիս ամիսն էր: Գյուղում ծիրանի բերքահավաք էր։ Բոլոր տներից, այգիներից ծիրան էին հյուրասիրում, հրաժարվելը նրանց սերը մերժել էր նշանակում։ Երկու օր անց Խաչիկից Երևան արկղերով էի մեկնում. ծրագրի շահառու երեխաների, իմ սիրելի Եվայի ձեռքերով հավաքած ծիրաններ էի տանում։ Բացարձակ մանրուք էր իմ՝ առանց մեքենա լինելն ու մինչ տուն հասնելն առնվազն երեք տրանսպորտային միջոց փոխելը: Ու եթե ճանապարհին ինձ օգնողներն արկղերում ծիրան էին տեսնում, ապա ես՝ սեր ու ջերմություն, որոնք առ այսօր տաքացնում են ժամանակառժամանակ մրսող իմ սիրտը։

Սեփական երջանկությու՞ն, թե հայրենիքի բարօրություն
Հայրենադարձվողների մեծ մասը, կարծում եմ, գալիս է այստեղ հայրենանպաստ որևէ գործ կատարելու։ Մեծ մասը գալիս է սպասումներով, որոնց հաճախ չարդարացված լինելը խոր հիասթափության, երբեմն նաև հետվերադարձի պատճառ է դառնում: Հայրենադարձությունը հերոսություն, սխրանք չէ, որի համար շնորհակալության խոսքեր պետք է հնչեն: Կարևոր է չմոռանալ, որ սա միմիա՛յն մեր որոշումն է, հետևաբար այն պետք է երջանկացնի հե՛նց մեզ: Տարբեր փորձառություններ ստիպել են ինձ հասկանալ, որ հայրենիքին օգտակար լինելու ցանկության մեջ կարևոր է չմոռանալ նաև շատ անձնական ցանկությունների և կարիքների մասին: Հայաստանին նախ և առաջ պետք են երջանիկ մարդիկ, հետո նոր՝ լավ բժիշկներ, ծրագրավորողներ ու կառավարիչներ:

Ցավոք և ի ուրախություն, ամեն հայ չէ, որ պետք է ապրի իր հայրենիքում. ոմանց համար Հայաստանը շարունակում է լինել պատմական հայրենիք, որովհետև անձնական երջանկություն նրանք ապրում են երկրորդ մի երկրում։
Որտե՞ղ է իմ տունը
Իմ ընտանիքը շարունակում է բնակվել ՌԴ-ում, ծնողի տուն երևի հյուր չեն գնում: Այս մտքից ելնելով եմ եկել նրան, որ գոնե ֆիզիկական տուն ունեմ նաև Ռուսաստանում, հատկապես երբ իմ ֆիզիկական տունը դեռ չունեմ Հայաստանում: Բայց ունեմ նախանձելի ցանկ տարածությունների, որոնք մինչ այսօր նվիրում են տան ցանկալի զգացողությունը:
Տունը տարածք չէ, որտեղ երկար ճանապարհից հետո կարող ես վայր դնել ճամպրուկդ:
Տունը զգացողություն է, որ կարող ես գտնել այլոց տներում:
Տունը զգացողություն է, որ կարող ես գտնել այլոց սրտերում:
Ու եթե բախտդ բերի, շատ տներ կգտնես,
Ու եթե բախտդ բերի, քո սիրտն էլ ինչ-որ մեկի համար տուն կդառնա...
Իմ բախտը շատ է բերել. ես տուն ունեմ Լոռիում՝ Տատիկի ու մոքորի սրտերում, Խաչիկում՝ տիկին Աստղիկի տանն ու իմ Եվայի սրտում, Տաշիրում ու Գոհարիս սրտում, հայրական Լճկաձորում, Գյումրիում, Մարտունիում, Սյունիքում ու Արցախում…

Երջանկություն-գտածո
Այսօր, երբ սոցիալական կայքերը, տեխնոլոգիական առաջընթացը, հասարակությունը, ամեն օր ծլող նոր մասնագետները մեր վզին են փաթաթում երջանիկ լինելու տարբեր նախապայմաններ, կարևոր է ունենալ երջանկության սեփական բանաձևը: Երկար տարիներ արագընթացի վրա դրված կյանքս վերջապես հանդարտվել է. այնտեղ եմ, որտեղ պետք եմ, անում եմ այն, ինչ ուրախացնում է իմ ներսի փոքրիկին, կարողանում եմ բավարարվել քչով ու երջանկանալ մանրուքներով, շարունակում եմ ճանաչել Հայաստանի՝ տարածքային փոքրությունում ամփոփված մեծությունը:
Նոր երազանքների ճանապարհին
Ամենամեծ երազանքը մեծ հայկական երազանք ունենալու մասին է. ունեցածը՝ սիրելու, գնահատելու, այն պահելու համար աշխատանք տանելու, սահմանային գյուղերի՝ աշխույժ ու մարդաշատ լինելու մասին է, հայի՝ հային սիրելու մասին է, որովհետև հենց այդ սիրո մեջ է ամբարված ամենամեծ հայրենասիրությունը:
Ամենաանձնական երազանքը՝ հասցնել լինել Հայաստանի բոլոր գյուղերում ու վերջապես իմ տունն ու այգին ունենալ Լոռվա սիրելի անկյունում:

Ամենակարևորը
Ամենաամուր ծառն անգամ ձմեռնամուտին կորացնում է մեջքը, հետո նորից ուղղվում ու ապրեցնում իր ճյուղերը. բոլոր հուսահատությունները բուժելի են ճիշտ մարդկանց կողքին և օգնությամբ:
Հայաստանը մարդկանց մասին է, մարդկանց, որոնք հայտնվում են ճիշտ պահին, օգնում բացել թևերն ու պատրաստվել նոր թռիչքի...
Գիտեմ, որ իմ պատմությունը շատ զգացմունքային է՝ զուրկ կոնկրետ գործողությունների ուղեցույցից: Ինքս հաճախ փակ աչքերով եմ առաջ շարժվել, սայթաքել եմ հաճախ, բայց գուցե Հայաստանը երբեմն փակ աչքերո՞վ է պետք սիրել...
Նարէ Բեջանյան
-
Repat Story18.08.2025“What I Wish I Knew Before Moving to Armenia?” Reported Directly by Repats
-
Tips15.07.2025Buying Property in Armenia for Non-Residents: Mortgages, Documents, and 2025 Nuances