My Way Home

14.05.2026
Opinions
Հայրենադարձության, ներգաղթի և քաղաքական կամքի թուլության մասին
Հայրենադարձության, ներգաղթի և քաղաքական կամքի թուլության մասին

 
This article is in Armenian. The article does not have an English version․

Հայաստանն այսօր շարունակում է իրեն պահել որպես երկիր, որը դեռ չի կողմնորոշվել՝ պե՞տք են իրեն մարդիկ, թե՝ ոչ։ Գործողություններում, ոչ հռետորաբանությունում։ Ժողովրդագրության կարևորության մասին բարձրագոչ հայտարարությունների ետևում թաքնված է պրոակտիվ հայրենադարձային և ներգաղթային քաղաքականություն կառուցելու քաղաքական կամքի բացակայությունը։ Սա տեխնիկական ձախողում և ժամանակավոր անարդյունավետություն չէ։ Սա համակարգային դիրքորոշում է։

 

Հայրենադարձություն առանց օրենքի՝ քաղաքականություն առանց բովանդակության
 

Անցել է ավելի քան 15 տարի, ինչ Հայաստանում մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքը։ Այս ընթացքում փոխվել են կառավարություններ, կառուցվածքներ, նախարարներ և առաջնահերթություններ, բայց փաստը մնացել է անփոփոխ՝ պետությունն այդպես էլ չի կարողացել կամ չի ցանկացել արձանագրել հայրենադարձությունը որպես քաղաքական արժեք։
 

Ընդ որում խոսքը շրջանակային օրենքի մասին է, որը չի պահանջում լրացուցիչ լուրջ բյուջետային ծախսեր։ Դրա խնդիրը պարզ է՝ սահմանել ով է հայրենադարձը, որ գերատեսչությունն է պատասխանատվություն կրում նրա հետ աշխատանքի համար, և աջակցության ինչ նվազագույն մակարդակ է թույլատրելի համարում պետությունը։ Չնայած գերատեսչական խմբի՝ խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և մեր՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ երկարամյա աշխատանքի, օրենքը տարիներով շրջապտույտ է գործում կառավարության ներսում և դեռ չի հասել անգամ հանրային քննարկումների փուլին։
 

Արդյունքում երկրում բացակայում են հիմնային հասկացությունները. հնարավոր չէ տարբերել ներգաղթյալին սփյուռքից, վերադարձողին՝ հայրենադարձից, հնարավոր չէ վարել հուսալի վիճակագրություն և խոսել ռազմավարական նպատակների մասին։ Այս ամենի ֆոնին «4 միլիոն՝ 2040-ին» կամ «5 միլիոն՝ 2050-ին» հայտարարությունները թվում են ոչ ռազմավարություն, այլ գործողություններով չամրապնդված քաղաքական հռետորաբանություն։ Նախատեսվում է նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացում, իսկ հայկական ծագման նույնականացումն այն պարզեցված կարգով ստանալու համար շարունակում է մնալ ծայրահեղ ոչ ճկուն և երկարատև։

 

Ներգաղթը՝ բացթողնված հնարավորություն
 

2022 թվականից հետո Հայաստանը բախվեց իր համար հազվադեպ իրավիճակի՝ հմուտ ռուս ռելոկանտների հոսքի հետ։ Նրանք հայտնվեցին մեր երկրում ոչ թե մտածված քաղաքականության շնորհիվ, այլ արտաքին գործոնների ազդեցության ներքո։ Ամեն դեպքում Հայաստանի համար սա հնարավորություն է, որը դեռ ուշ չէ օգտագործել։
 

Խոսքը մարդկային կապիտալի մասին է, որը դուրս չի մղում տեղացի մասնագետներին, այլ ստեղծում է նոր տնտեսական խորշեր, ձևավորում է պահանջարկ, զարգացնում ծառայություններ, աշխուժացնում է շրջաններ և քաղաքներ։ Շատ դեպքերում ռելոկանտների եկամուտները ձևավորվում են Հայաստանից դուրս, ինչը նրանց ներկայությունը դարձնում է լրացուցիչ ռեսուրս տնտեսության զարգացման համար։ Բայց պետությունը նախընտրեց «կողք քաշվել» այս անգամ ևս, ավելին՝ ստեղծել անորոշության և օտարման մթնոլորտ։ Երկրում կյանքի արժեքի կտրուկ աճի ֆոնին, որը համեմատելի է շատ եվրոպական քաղաքների հետ, ռելոկանտների և ներգաղթյալների մի մասը շարունակեց իր ճանապարհը, իսկ նրանց, ով որոշում կայացրեց ինտեգրվել և կապել ապագան Հայաստանի հետ, առաջարկվեց ոչ թե գործընկերություն, այլ բյուրոկրատական անորոշություն։
 

Ելենա Գոնչարովան ամուսնու և երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել Մոսկվայից 2022 թվականին։ Մտորելով Վրաստանի և Հայաստանի մասին՝ նրանք ընտրել են Հայաստանը որպես երկիր, որտեղ լեզվային անջրպետների չեն բախվի։ Չնայած ընտրության այսպիսի նախապայմանի, Ելենան և իր երեխաներն այսօր խոսում են հայերեն. երեխաները հաճախում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, իսկ Ելենան չորս տարիների ընթացքում այնքան է կատարելագործել իր հայերենը, որ այսօր Կոմիտաս է երգում երգչախմբում։
 

«Մարդիկ, որոնք գալիս են այստեղ, բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր սիրահարվում են երկրին և տարալուծվում նրա կյանքում, մյուսներին ինչ-որ բան դուր չի գալիս, հեռանում են։ Մենք պատկանում ենք առաջին խմբին։ Ես երբեք տատիկ-պապիկներ չեմ ունեցել, բայց Հայաստանում բոլոր մարդիկ բարի տատիկ-պապիկների պես գրկեցին մեզ, կերակրեցին, պատսպարեցին։ Եվ, իհարկե, ցանկություն կար նրանց հետ նույն լեզվով խոսել, դա հարգանք է երկրի և նրա մշակույթի հանդեպ։ Լեզվի միջոցով շատ բան ես հասկանում, սա էլ էր դրդապատճառ», – ասում է արդեն չորրորդ տարին Հայաստանում բնակվող Ելենա Գոնչարովան։
 

Ելենայի ընտանիքը Հայաստան ժամանելու պահից օրինականացրել է իր՝ այստեղ գտնվելը, և քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ երեք տարի անընդմեջ այստեղ ապրելու պայմանը պահպանվել էր, դիմել է քաղաքացիության։
 

2025 թվականի մայիսին ներկայացրած դիմումին նույն տարվա սեպտեմբերին սմս հաղորդագրության մերժում է ստացել՝ առանց պատճառների բացատրության։ Ելենան արդեն դիմել է իրավաբանական գրասենյակ և բողոք ներկայացրել այդ որոշման դեմ։ Լսումները նշանակված են 2026 թվականի սեպտեմբերին։
 

Ելենայի և նրա ընտանիքի՝ Հայաստանում ապրելու ցանկությունն անկոտրում է, իսկ բնակությունն օրինականացնելը՝ շատ կարևոր, այդ պատճառով տրամադրությունն էլ մարտական է՝ դիմել քաղաքացիության համար այնքան անգամ, որքան անգամ պետք կլինի այն ստանալու համար։
 

Օլգա Օ՚ Քոններն այստեղ բիզնես ունի՝ 2022 թվականին լեզվային օնլայն դպրոց է հիմնել։ Դրան նախորդել է նրա՝ Ռուսաստանից հեռանալն անգլիացի ամուսնու և երեխայի հետ ամուսնու հայրենիք։ Անգլիայի հետ Օլգան, ոչ նրա ամուսինը չեն համակերպվել, այդ պատճառով նա փնտրել է երկիր, որտեղ կարող է նորից բացել իր ընկերությունն ու անել դա օրինական հիմքերով։
 

«Ես այստեղ եկա Անգլիայից մեկ ամսով՝ ԱՁ բացելու, կացության քարտ ստանալու նպատակով, հետո պլանավորում էի ուղղակի հետ վերադառնալ, բայց սիրահարվեցի Հայաստանին առաջին հայացքից։ Ամուսնուս հետ մեր տեսլականները համընկնում են՝ մենք Հայաստան տեղափոխվեցինք։ Նա նույնպես դասավանդող է, աշխատում է IT ընկերությունում և իմ հիմնած դպրոցում։ Մենք հարկեր ենք վճարում, իմ դպրոցում նաև հայեր են աշխատում, իմ շնորհիվ 10 երիտասարդ հայ լավ եկամուտ ունի։ Խոսում ենք հայերեն, մեր երեխան հաճախում է ռուս-հայկական դպրոց», – ներկայացնում է քաղաքացիության մերժում ստացած Օլգան։
 

Նա բնակվում է այստեղ 3.5 տարուց ավել, ունի իր բիզնեսը և Հայաստանում օրինական գտնվելու, բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այստեղ գտնվելը վերջնական օրինականացնելու համար դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Երկու անգամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում նրա փաստաթղթերը չեն ընդունել, պատճառաբանելով, օրինակ, լղոզված կնիքը, դրան զուգահեռ, ինչպես խոստովանում է Օլգան, նրա վրա ճնշում է գործադրվել հայերեն լեզվով փաստաթուղթ կարդալու առաջադրանքի տեսքով (այդպիսի պահանջ Օրենքում չկա, դիմողի հայերեն լեզվի իմացությունը ստուգվում է ՀՀ Սահմանադրության իմացության մասին թեստերի միջոցով)։ Մերժվել է Օլգայի արդեն երրորդ դիմումը, նա ներկայացրել է բողոք վերաքննիչ դատարան։
 

«Ես կարծում եմ, որ ունեմ իրավունք հիմնավորման, և անելու եմ ամեն բան, որպեսզի հասկանամ մերժման պատճառները։ Եթե համապատասխան մարմինները չեն ցանկանում, որպեսզի մենք քաղաքացիություն ստանանք, թող այդպես էլ ասեն մեզ։ Օրինակ, Չինաստանը հստակ ասում է՝ եթե դու էթնիկ չինացի չես, քաղաքացիություն չես ստանա։ Եթե մեզ քաղաքացիություն չեն շնորհում, որովհետև մենք ռուսներ ենք, պետք է փոխել օրենքն ու ասել՝ եթե դու էթնիկ հայ չես, ապա քաղաքացիություն էլ չես ստանա։ Մենք ունենք շատ առողջ ցանկություն օրինականացնել մեր գտնվելը երկրում, որտեղ մենք բնակվում և հարկեր ենք վճարում։ Եթե մեզ այստեղ մնալ չի կարելի, կդիտարկենք այլ տարբերակներ», – ասում է Օլգան։

 

Մերժումներ առանց բացատրությունների
 

Քաղաքացիության դիմումների առանց հիմնավորուման մերժումների պրակտիկան դարձել է նորմա։ Մարդկանց, որոնք սովորում են հայերեն, երեխաներին հայկական դպրոցներ ուղարկում, դրսևորում են ինտեգրվելու իրական ցանկություն, տեղեկացնում են․ «Պետությունը պարտավոր չէ բացատրել պատճառները»։
 

Սրան ավելանում են երկարաժամկետ հերթերը, լեզվային պահանջների թափանցիկության բացակայությունը, սուբյեկտիվ «քննությունները» և Անձնագրային և վիզաների վարչությունում փաստաթղթերի ընդունման ժամանակ անհարգալի վերաբերմունքը։ Որոշումները, որոնք կայացվում են ազգային անվտանգության սպառնալիքի պատրվակի ներքո, մնում են ոչ թափանցիկ և ստուգման ոչ ենթակա։ Այսպիսի մոտեցումը չի ամրացնում պետությունը՝ այն խաթարում է վստահությունը նրա հանդեպ և տանում այն մարդկանց արտագաղթի, որոնք պատրաստ են մաս լինել մեր հասարակության։ Ընդ որում խոսքը տասնյակ հազար կամ հազար դիմումների մասին չէ, ընդամենը հարյուրավոր…
 

Սանկտ Պետերբուրգից Հայաստան տեղափոխված Արտյոմ Սուխոռոսլովն աշխատում է IT ոլորտում։ Նա Հայաստան ամենաառաջին ժամանածներից և քաղաքացիության մերժում ստացածներից է։ Մյուսների նման նա էլ է բողոքարկել կայացված որոշումը և սպասում է դրա հիմնավորմանը, որովհետև դրանց պատճառները կարող են ազդել իր երկարաժամկետ հեռանկարների վրա։
 

ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցերի քննարկման համար տելեգրամում ալիք է բացվել, որտեղ այս գործընթացներում ընդգրկված մարդիկ կիսվում են իրենց փորձառությամբ և արդյունքներով։ Ըստ Արտյոմի, այս պահին խումբն ունի 1788 մասնակից։ Կարևոր է նշել, որ ոչ բոլորն են ցանկանում կամ կարող ստանալ քաղաքացիություն․ միայն 25 տոկոսն է դիմելու մոտ ապագայում կամ արդեն հասցրել է դիմել, մեծ մասը նման ցանկություն չունի անգամ։ 2026 թվականի ապրլի 7-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 31 մարդ, 14-ը մերժում են ստացել, և միայն 4 հաջող պատմություն։ Մնացածը սպասում են իրենց սմս հաղորդագրություններին…

 

Բյուրոկրատիա՝ քաղաքականության փոխարեն
 

Ժողովրդագրական ճգնաժամի պայմաններում պետության այսպիսի վարքագիծը դժվար է ուղղակի անարդյունավետ անվանել։ Սա կառավարչական ինքնաոչնչացման ձև է։ Ոչ մի ռազմավարություն, ոչ մի կոնցեպտ, ոչ մի պրեզենտացիա ի վիճակի չեն փոխարինել խաղի հիմնային կանոնները և մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ Հայրենադարձությունը և ներգաղթը հումանիտար քայլեր և անվտանգության սպառնալիքներ չեն։ Սրանք պետության ուղղության և զարգացման դինամիկայի հարցեր են։
 

Ինչ է պետք փոխել
 

Ելքն իրավիճակից ակնհայտ է և հեծանիվ հայտնագործել չի պահանջում.

  • «Հայրենադարձության մասին» բազային օրենքի ընդունում,
  • քաղաքացիություն ստանալու կարգի թվայնացում և թափանցիկություն,
  • լեզվային թեստավորման օբյեկտիվ համակարգի ներդնում,
  • քաղաքացիություն ստանալու և նատուրալիզացիայի վերաբերյալ ռելոկանտների և ներգաղթյալների մոտ իրատեսական սպասելիքների ձևավորում՝ ՀՀ պահանջների բազայի հիման վրա,
  • առանց բացատրությունների մերժման պրակտիկայի դադարեցում, քաղաքացիություն տրամադրելու որոշումների հասկանալի և ստուգման ենթակա չափորոշիչներ, այդ թվում՝ ազգային անվտանգության ենթատեքստում,
  • Հայաստանում ներդրումների պատրաստակամ մարդկանց համար տնտեսական քաղաքացիության համակարգի սահմանում։
     

Պետությունը պետք է կողմնորոշվի
 

Հայաստանը կամ դառնում է հայրենադարձության, ներգաղթի և ինտեգրման պետություն, կամ էլ շարունակում է կորցնել մարդկանց՝ լուռ, առանց վիճակագրության և պատասխանատվության։ Հարցն այլևս ժողովրդագրական թվերը չեն։ Հարցը հետևյալն է՝ ուզու՞մ է պետությունը նոր մարդկանց, թե վախենում է նրանցից…

 

Վարդան Մարաշլյան

 

Read More

See all
  • Personal Stories
    “I Took Armenia With Me and Brought It Back”: Anahit Demirjian
    18.03.2026
    “I Took Armenia With Me and Brought It Back”: Anahit Demirjian
  • Personal Stories
    Finding Her Best Self: A Journey from Kyiv, Through Artsakh, to Ijevan
    11.07.2025
    Finding Her Best Self: A Journey from Kyiv, Through Artsakh, to Ijevan
  • Personal Stories
    Lusine’s Return Home: “Here, Everything Just Feels Right”
    05.06.2025
    Lusine’s Return Home: “Here, Everything Just Feels Right”
  • Practical Tips
    Discover Summer Programs for Kids and Youth in Armenia 2025
    27.05.2025
    1 min
    Discover Summer Programs for Kids and Youth in Armenia 2025